Կնճռադեմ այս պառավը որ կա՝
Նա էլ է եղել մանուկ,
Նա էլ է ունեցել հայր ու մայր,
Եվ այստեղ չկա հանելուկ...
Սիրել է մայիս ու արև,
Թիթեռներ ու զատիկ է սիրել,
Եվ պապի ու տատի համար
Օջախի ծաղիկն է նա եղել...
Ամեն ինչ անցել է վաղուց,
Ամեն ինչ երազ է թվում...
Կնճռադեմ այս պառավը հիմա
Փողոցում չոր հաց է մուրում...
Փողոցում չոր հաց է մուրում՝
Օտար Երևանում,
Հիշում է Ղարաբաղը իր,
Որ հեռու երազ է թվում...
Եվ նա լաց է լինում
Օտար Երևանում,
ՈՒ ձմռան սառը քամին
Արցունքներն է նրա տանում...
Արցունքներն է նրա տանում
Օտար Երևանում,
Որտեղ խնջույքներ են անում
Ու չեն լսում քամուն...
Եվ նա լաց է լինում
Օտար Երևանում,
ՈՒ ձմռան սառը քամին
Նրան վերարկու է դառնում...
Վարդան ԽԱՐԱԶՅԱՆ